Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Ամեն անգամ հուզվում եմ ինքնասպան եղած զինվորների նամակները բացելիս. զրույց ձեռագրաբանի հետ
Աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, հանցագործությունների բացահայտման ու քննության գործում մեծ տեղ է հատկացվում տարբեր տեսակի փորձաքննությունների իրականացմանը: Լինելով բարդ, միևնույն ժամանակ` հետաքրքիր բնագավառ` այն առանձնակի ուսումնասիրության կարիք ունի: Վերջին տարիներին մեր երկրում քննչական մարմինները և դատարանները գործեր քննելիս հաճախ են դիմում փորձագետների օգնությանը` ինչ-որ խնդրի վերաբերյալ մասնագիտական գնահատական ստանալու կամ պարզապես իրենց որոշումները պատճառաբանելիս` կողմերի շրջանում առավել վստահություն ներշնչելու համար: Որոշ փաստաբանների ու քննիչների համար փորձագետներին դիմելը ոչ այնքան անհրաժեշտություն է, որքան տակտիկական քայլ, փրփուրներից կախվելու եղանակ կամ վստահորդի մոտ գործունյա փաստաբանի տիպար ստեղծելու տարբերակ: Սակայն շատ քչերը գիտեն, թե իրականում որքան բարդ, պատասխանատու և վտանգավոր է փորձագետի աշխատանքը:
Yerkir.am-ը սկսում է նոր` կրիմինալիստական փորձաքննությունների վերաբերյալ հարցազրույցների շարք հանրապետության հայտնի և փորձառու մասնագետների հետ: Այսօր կանդրադառնանք կրիմինալիստական հետազոտության դասական ճյուղերից մեկին` ձեռագրաբանական փորձաքննությանը: Այդ նպատակով yerkir.am-ը զրուցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Մարինե Կարապետյանի (լուսանկարում) հետ:
Իր գործունեության 13 տարիների ընթացքում Կարապետյանն ուսումնասիրել է հազարավոր ձեռագրեր` կեղծված ստորագրություններ, ինքնասպանություն գործած անձանց նամակներ, գաղտնի փաստաթղթեր և այլն:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում ձեռագրաբանական փորձաքննությունը:
-Քրեական և քաղաքացիական գործեր քննելիս դատարանը կամ քննչական մարմինները նշանակում են դատաձեռագրաբանական փորձաքննություններ, այսինքն` երբ անհրաժեշտություն է առաջանում պարզել կամ ուսումնասիրել ինչ-որ մեկի ձեռագիրը կամ ստորագրությունը: Ձեռագրաբանական փորձաքննությունները լինում են 2 տեսակի` նույնականացման (իդենտիֆիկացիոն) և ոչ նույնականացման (դիագնոստիկ): Նույնականացման հետազոտություններ կատարելու ընթացքում ձեռագրաբան- փորձագետը կատարում է համեմատական հետազոտություն, այսինքն` եթե մեզ տրված է որևէ փաստաթղթի վրա տեղադրված ձեռագիր կամ ստորագրություն` հետազոտելու համար, մենք պահանջում ենք այդ անձի ձեռագրի նմուշները և համեմատում փաստաթղթում նշված ձեռագրի կամ ստորագրության հետ, այսինքն` կատարում ենք համեմատական հետազոտություն: Փորձաքննությունը կատարվում է համեմատական հետազոտության ավանդական մեթոդներով, ինչի ընթացքում ի հայտ են գալիս տվյալ ձեռագրի կամ ստորագրության ընդհանուր և մասնավոր հատկանիշները կամ դրանց համընկնումները կամ տարբերությունները տվյալ անձի ձեռագրի հետ:
Դիագնոստիկ փորձաքննություները ոչ իդենտիֆիկացիոն բնույթ ունեն, դրանք կապված են ձեռագիրը որոշակի պայմաններում կատարված լինելու հետ: Օրինակ` հնարավոր է պարզել, թե ինքնասպանություն գործելու ժամանակ գրելիս կամ կտակը թողնելիս ինչ վիճակում է գտնվել անձը:
-Ի՞նչ եղանակով է պարզվում, որ տվյալ ձեռագիրը որոշակի անսովոր պայմաններում է կատարվել:
-Կան որոշակի հատկանիշներ, որոնք վկայում են այդ մասին: Օրինակ` շտրիխների կոտրտվածությունը, գրելագործիքի սեղմման աստիճանի անհամաչափությունը, կոորդինացիայի որոշակի խախտումը և այլն:
-Փորձաքննություն կատարելիս արդյո՞ք օգտվում եք տեխնիկական միջոցներից:
-Այստեղ մեծ է մարդկային գործոնը: Փորձագետը համեմատական հետազոտություն է անում աչքով, երբեմն էլ օգնում են խոշորացույցը, իսկ բարդ, խճճված ձեռագրերի և ստորագրությունների դեպքում` մանրադիտակը:
-Ի՞նչ տեսակի փաստաթղթերի ուսումնասիրության հարցով են հիմնականում Ձեզ դիմում: Ձեր բաժնում տարեկան քանի փորձաքննություն է արվում:
-Տարեկան մոտ 400 փորձաքննություն է արվում: Ուսումնասիրում ենք տարբեր տեսակի փաստաթղթեր: Շատ են կեղծված ստորագրությունների դեպքերը: Քաղաքացիական գործերով շատ են դիմում նվիրատվության պայմանագրերի և կտակների հարցերով: Նման դեպքերում պահանջում ենք ոչ միայն կտակը կամ պայմանագիրը, այլև այն սեղանամատյանը, որում կատարվել է կտակի գրանցումը: Քրեական գործերով շատ է լինում, երբ հետազոտում ենք ինքնասպանություն գործելուց առաջ թողնված նամակները: Այդ դեպքում ներկայացվում են մահացածի ձեռագրի ազատ նմուշները, որպեսզի կատարվի համեմատություն` պարզելու` իսկապե՞ս այդ մարդն է թողել գրությունը, թե՞ ոչ:
-Եղե՞լ են դեպքեր, երբ պարզվել է, որ ինքնասպանությունից առաջ թողնված գրությունը կեղծ է, այսինքն` տվյալ անձը չի գրել այն:
-Գրեթե նման դեպքեր չեն եղել, հիմնականում համընկնող հատկանիշներ են հայտնաբերվում:
-Հետաքրքիր է, ինքնասպանությունից առաջ ի՞նչ են մարդիկ հիմնականում գրում:
-Ամեն անգամ ես հուզվում եմ հատկապես ինքնասպանություն գործած զինվորների նամակները բացելիս: Սովորաբար, ինքնասպանություն գործածները թողնում են «Աստված թող ինձ ների», «Կներեք, որ այս քայլին դիմեցի», «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք» և այլ գրություններով նամակներ:
-Ո՞րն է եղել Ձեր ուսումնասիրած ամենահետաքրքիր ձեռագիրը:
-Թե' քրեական, թե’ քաղաքացիական բազմաթիվ հետաքրքիր գործեր եղել են, օրինակ` եղել է մի դեպք, երբ մի կին նամակ էր թողել, որի մի մասը գրել էր աջ, մյուսը` ձախ ձեռքով: Ցավալի դեպքեր էլ են գրանցվել: Օրինակ, երբ զինվոր էր ինքնասպան եղել և գրություն էր թողել ձեռքի վրա, այդ դեպքում մենք ուսումնասիրել ենք ձեռքը: Եղել է` պատերի վրա կավիճով կամ մեխով գրություն են թողել, որը մենք հետազոտել ենք:
-Տեխնիկական առաջընթացի այս դարում, երբ բազմաթիվ փաստաթղթեր մեքենագիր են, իսկ ստորագրություններն էլ հետզհետե էլեկտրոնային ձևաչափով են դրվում, արդյո՞ք ձեռագրաբանի մասնագիտության պահանջարկը չի նվազում:
- Ճիշտ է, նման մտավախություն կա, բայց առայժմ նման տենդենց չի նկատվում: Դեռևս բանկային փաստաթղթերի, կտակների մեծ մասը ձեռքով են ստորագրվում: Օրինակ` մեր բաժնում ունենք 3 ձեռագրաբան և 2 փաստաթղթաբան, որը քիչ է նման ծանրաբեռնվածության պայմաններում գործեր ուսումնասիրելու համար: Ձեռագրաբան-փորձագետը պահանջարկ վայելող մասնագիտություն է, սակայն մասնագետները քիչ են:
-Մեր երկրում ձեռագրաբանական փորձաքննությունների անցկացումը զարգացման ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:
-Բավականին բարձր մակարդակի: Փորձաքննության հիմքը ԽՍՀՄ տարիներին ստեղծված մեթոդներն են, որոնք հետզհետե ավելի են նորացվում, իսկ ժամանակ առ ժամանակ էլ միջազգային փորձագետների հետ փորձի փոխանակում ենք անում:
-Վերջին տարիներին մեր փաստաբանների կողմից արտասահմանում փորձաքննություններ պատվիրելու միտում է նկատվում: Այդ հանգամանքը չի՞ վնասում մեր երկրում գործող փորձագիտական կենտրոնների հեղինակությանը:
-Կան մարդիկ, ովքեր թեև հավատում են մեր տված եզրակացություններին, բայց քանի այն իրենց շահերից չի բխում, կրկնակի փորձաքննություն են նշանակում կամ դիմում են Ձեր նշած տարբերակին, սակայն կան կառույցներ, որոնք վստահում և ապավինում են միայն մեր փորձին:
-Վտանգավոր չէ՞ արդյոք նման պատասխանատու աշխատանք կատարելը, մանավանդ` կնոջ համար:
-Վտանգի առումով, ինչպես ասում են, միշտ շառի մեջ ենք (ժպտում է): Եթե անգամ մենք վստահ ենք, որ ճիշտ եզրակացություն ենք տվել, լինում են դեպքեր, երբ բողոքում են` ասելով, որ ակնհայտ կեղծ եզրակացություն ենք տվել: Բայց փորձագետը հո գլխից ձեռք չի քաշել, որ ակնհայտ կեղծ եզրակացություն տա, նա երբեք չի համարձակվի դա անել, քանի որ դրա համար պատասխանատվության կենթարկվի: Ամեն դեպքում` ես սիրում եմ իմ մասնագիտությունը:
-Ինչպիսի՞ ն պետք է լինի ձեռագրաբանը:
-Առաջին հերթին պրոֆեսիոնալ, ազնիվ և միշտ խղճի ձայնը լսի:
Աղբյուրը՝ http://www.yerkir.am/am/news/65147.htm
28 Դեկտեմբեր 2016